ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Տավուշի մարզի Կիրանց գյուղում մեծ անհանգստություն կա, ու պայքարը պետք է վճռական փուլ մտնի։ Ինչպես հայտնում է news.am-ը, այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նշենք, որ թեև վաղ առավոտից ոստիկանները փակել են դեպի գյուղ տանող ճանապարհը, սակայն Դանիելյանին օրվա ընթացքում հաջողվել է այլ՝ անտառային ճանապարհով գնալ Կիրանց։ Իրավապահները բնակիչներից բացի թույլ չեն տալիս որևէ մեկին մուտք գործել Կիրանց, այդ թվում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։
«Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում, շարունակվելու է։ Մեր առաջին նպատակին հասել ենք՝ սա արդեն դարձել է համահայկական խնդիր։ Մինչև վերջ գնալու ենք, նահանջի տեղ չունենք․ հետևում մեր հայրենիքը, սրբավայրերն են»,– ասել է Դանիելյանը։
Նա ընդգծել է, որ կա մեծ հիասթափություն իշխանությունների նկատմամբ, մարդկանց ծեծի ենթարկելով ականազերծում են անում, որ ադրբեջանցիներին գյուղում տեղավորեն։ Ընդդիմադիր պատգամավորը վստահեցրել է` գյուղում ամեն ծառի տակ մի ոստիկան կա հիմա։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։