Լարված իրավիճակ և ոստիկանական ուժերի կուտակում Կիրանցում

31 քաղաքացի բերման է ենթարկվել Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik․ Մեծաքանակ ոստիկանական ուժեր են կուտակվել ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի տարածքում: Ինչպես հայտնում է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, Կիրանցում ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը:
«Մեծաքանակ ոստիկաններ լցվել են գյուղ: Ականազերծման աշխատանքներին խոչընդոտող գյուղացի տղամարդիկ վայրենի կերպով բերման են ենթարկվել: Բերման ենթարկվածների մեջ կան նաև անչափահասներ: Այս պահին գտնվում եմ Իջևանի ոստիկանության բաժնում, որտեղ բերման է ենթարկվել 2 տասնյակից ավել քաղաքացի»,-գրել է նա:
Sputnik Արմենիային ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ 31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին։ «Բոլոր բերման ենթարկվածները ոստիկանություն են տարվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով (Իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը)»,–հայտնեցին գերատեսչությունից:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից և մինչև հուլիսի 1-ը ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը: Նույն օրը երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները, դժգոհ լինելով Երևանի և Բաքվի պայմանավորվածություններից, բողոքի ակցիաներ են իրականացնում: