Կիրանցում մեքենայի անվադողերը դանակով վնասած 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

Կիրանց
Տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ չբացակայելու արգելքի համակցմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik․ Կիրանց բնակավայրի մոտ ավտոմեքենայի անվադողերը դանակով վնասելու համար մեղադրանք է ներկայացվել Երևանի 39-ամյա բնակչին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՔԿ-ից հայտնում են, որ ապրիլի 27-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Կիրանցի վարչական տարածքում հավաքի մասնակիցների կողմից կանգնեցվել է Երևանից դեպի Կոթի ընթացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Նրանք պահանջել են վարորդից բացել մեքենայի բեռնախցիկը։
Ըստ հաղորդագրության՝ հավաքի 17-ամյա մասնակցի կողմից նախապես ձեռք բերված գաղտնի փականով դանակի գործադրմամբ 39-ամյա տղամարդը հարվածներ է հասցրել վերոնշյալ ավտոմեքենայի անվադողին:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 17-ամյա պատանուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-297-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խուլիգանության հոդվածով: Դատարանի կողմից որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝ համակցված բացակայելու արգելքի հետ: