ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը` Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելու ուղղությամբ։ Այս մասին ասվում է «X»–ի միկրոբլոգում Կիպրոսի ԱԳ նախարարության գրառման մեջ։
«Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը` լիակատար հարգելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` Հայաստան–Ադրբեջան սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։