Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողի կողմից անհամաչափ ուժ կիրառելը. ՄԻՊ

Ապրիլի 22-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության Երևանի և մարզային ստորաբաժանումներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն անթույլատրելի է համարում ոստիկանության ծառայողի կողմից անհամաչափ ուժի կիրառումը ցանկացած պարագայում։ Այս մասին ասվում է ՀՀ ՄԻՊ–ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՄԻՊ աշխատակազմն այս օրերին արտակարգ ռեժիմով է աշխատում` պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով։
Ապրիլի 22-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության Երևանի և մարզային ստորաբաժանումներ: Նրանք առանձնազրույցներ են ունեցել ավելի քան 170 անձի հետ, ուսումնասիրվել են նրանց ազատությունից զրկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը, պարզաբանվել են ազատությունից զրկված անձանց իրավունքները։
Հաղորդագրությունում ասվում է, որ ոստիկանության ծառայողները պետք է զերծ մնան ուժ կիրառելուց հատկապես այն դեպքերում, երբ անձն արդեն իսկ գտնվում է ոստիկանության հսկողության ներքո։ Անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական։
«Այցեր են իրականացվել նաև Նոյեմբերյանի և Իջևանի բժշկական կենտրոններ՝ այնտեղ տեղափոխված անձանց տեսակցելու և նրանց առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ ՄԻՊ աշխատակազմն արձանագրել է, որ ոստիկանության կողմից անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է առերևույթ անհամաչափ»,– նշվում է հաղորդագրությունում։
Տեղի ունեցած առանձնազրույցների ընթացքում անձինք նշել են, որ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել, առանձին դեպքերում էլ ցուցարարներին չի ներկայացվել որևէ օրինական պահանջ (մինչդեռ վերջիններս ձերբակալվել են իշխանության օրինական պահանջը չկատարելու հիմքով)։ Բացի այդ, համակարգային առումով չլուծված է մնում վարչական ձերբակալման ենթարկված անձանց նվազագույն իրավունքների ապահովման խնդիրը։ Օրինակ` ազատությունից զրկված անձին չի տեղեկացվում զանգի իրավունքի մասին, կամ նրանց չեն հայտնում` ձերբակալվել են ենթադրյալ հանցա՞նք, թե՞ վարչական իրավախախտում կատարելու հիմքով։
Պաշտպանի աշխատակազմ նաև ստացվել են մի շարք բողոքներ, որ հավաքին մասնակից անձանց տրանսպորտային միջոցները տևական ժամանակ գտնվում են ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում։
Արձանագրված բոլոր դեպքերով մարդու իրավունքների պաշտպանը դիմել է իրավասու մարմիններին, այդ թվում՝ մանրամասն և համակողմանի քննություն իրականացնելու պահանջով։
Միևնույն ժամանակ ՄԻՊ հաղորդագրությունում նշվում է, որ հավաքների իրականացման ժամանակ պետությունը պետք է երաշխավորի դրանց խաղաղ բնույթը, իսկ մասնակիցներն էլ իրենց հերթին ապահովեն հավաքի խաղաղ ընթացքը, ցուցաբերեն զսպվածություն։

«Մայիսի 2-ին նաև տեղեկություն է տարածվել այն մասին, որ նույն օրը ոստիկանության ծառայողների կողմից փակվել են Տավուշի մարզի Կիրանց գյուղ տանող ճանապարհները, տեղում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և այլ անձանց մուտքը գյուղ չի թույլատրվում։ Նշվել է, որ Կիրանց մուտք գործել թույլատրվում է միայն տեղի բնակիչներին: Վերոգրյալի հաշվառմամբ՝ անհրաժեշտ պարզաբանումներ են պահանջվել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու իրավական հիմքերը ներկայացնելու պահանջով»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` Հայաստան–Ադրբեջան սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։