Աղետալի իրադարձություն է. «ՀայաՔվեն» ակցիա է անում ՆԳՆ–ի դիմաց` ի աջակցություն Տավուշի

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամները դեռևս որևէ մեկի հետ հանդիպման նպատակ չունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. «ՀայաՔվե» նախաձեռնության անդամները ՀՀ ներքին գործերի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում` ի աջակցություն տավուշեցիների, որոնք արդեն 2 շաբաթ է` պայքարում են Ադրբեջանին միակողմանի տարածքներ զիջելու դեմ։
Բողոքի ակցիա ՀՀ ներքին գործերի նախարարության շենքի դիմաց
Բողոքի ակցիայի մասնակիցները ձեռքերում պահում են պաստառներ` «Հանցակից մի՛ դարձեք», «Մի խախտեք Մայր օրենքը», «Ձեզ խաբում են» և այլ գրառումներով։
«Մենք այսօր եկել ենք զգուշացնելու ոստիկաններին, որ չմասնակցեն սահմանադրական կարգի դեմ գործողությունների ու չդառնան հանցակից և հանցագործ։ Այս խմբակը վաղ թե ուշ պատասխանատվություն է կրելու, ոստիկանները մեր պետության ծառայողներն են, վճարվում են մեր տված հարկերով և թշնամու գործակալների հետ հանցակից չպետք է դառնան»,– լրագրողների հետ զրույցում նշեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Բողոքի ակցիա ՀՀ ներքին գործերի նախարարության շենքի դիմաց
Նա ընդգծեց, որ այսօր սահմանադրական կարգի դեմ ամենամեծ ոտնձգությունն է տեղի ունենում։ Խախտվում է սահմանադրության 40-րդ հոդվածը` ազատ տեղաշարժի իրավունքը, 60-րդ հոդվածը` սեփականության իրավունքը, 205-րդ հոդվածը` համաձայն որի ՀՀ տարածքի ցանկացած փոփոխություն հնարավոր է միայն համաժողովրդական հանրաքվեի միջոցով։
Չալաբյանը նշեց` ՀՀ պատմության մեջ այսօր աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել` ՀՀ ներքին զորքերը փաստացի գրավել են Հայաստանի տարածքում գտնվող Կիրանց գյուղը, սահմանափակել մարդկանց մուտքն այդ բնակավայր։ Հասարակական–քաղաքական գործիչը հիշեց, որ ավելի քան 30 տարի առաջ Նոյեմբերյանի ոստիկանները մարտնչել են այդ գյուղի համար, ինչի հետևանքով 11 ոստիկան զոհվել է ադրբեջանական ՕՄՈՆ–ի հետ բախման արդյունքում, ևս 3-ն էլ բանտերում են մահացել։
«Այսօր ՀՀ ոստիկանությունը փորձում է բռնազավթել գյուղը` մի մասը թշնամուն հանձնելու համար։ Սա ուղղակի աղետալի իրադարձություն է, չենք կարող անտարբեր անցնել այս ամենի կողքով»,– ասաց Չալաբյանը։
Բողոքի ակցիա ՀՀ ներքին գործերի նախարարության շենքի դիմաց
Նրա խոսքով` ոստիկանությունը Տավուշում պետք է դադարեցնի բռնությունը գյուղացիների նկատմամբ, անհապաղ հեռանա Կիրանցից և ազատի ճանապարհները։
Ակցիայի ընթացքում նախաձեռնության անդամներից մեկը հորդորեց ոստիկաններին բիրտ ուժ չկիրառել ՀՀ քաղաքացիների նկատմամբ ու ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև լինել ժողովրդի կողքին։
Նա մի համեմատություն արեց` տարիներ առաջ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը թաքուն հարձակվել էր ՀՀ քաղաքացու վրա և կացնահարել նրան, իսկ այս գիշեր ՀՀ ոստիկանությունը լուսադեմին հարձակվել էր ՀՀ քաղաքացիների վրա և բերման ենթարկել նրանց։
Ակցիան հսկող ոստիկաններին մի փոքր զայրացրեց աղջկա համեմատությունը, նրանք ընդգծեցին, որ համեմատությունները վիրավորական են։ Ոստիկանության անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանը վստահեցրեց` իրենք միշտ իրականացնում են լիազորված գործառույթները, հասարակական կարգ են պահպանում։
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամները նշեցին, որ այսօր ուղղակի իրազեկման ակցիա են իրականացնում ՆԳՆ շենքի մոտ, դեռևս որևէ մեկի հետ հանդիպման նպատակ չունեն։ Միևնույն ժամանակ եթե ՆԳ նախարարը, փոխնախարարները կամ ոստիկանության զորքի ղեկավարն իջնեն իրենց հետ հանդիպման, պատրաստ են խոսել նրանց հետ։
ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախարարը տեղում չէ, քննարկման է մասնակցում` առաջարկելով նախարարի կամ ներքին անվտանգության վարչության պետի հետ հանդիպում կազմակերպել ավելի ուշ։
«ՀայաՔվեի» անդամ Մենուա Սողոմոնյանը շեշտեց` իրենք նախընտրում են, որպեսզի հանդիպումը լինի ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-ին վաղ առավոտյան մեծաքանակ ոստիկանական ուժեր են կուտակվել ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի տարածքում, փակել գյուղի մուտքերը։
Ականազերծման աշխատանքներին խոչընդոտողներին, որոնց թվում նաև անչափահասներ են եղել, նրանք բռնի ուժով բերման են ենթարկել։
ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ բոլոր բերման ենթարկվածները տարվել են ոստիկանություն իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելու պատճառով։
Կիրանցում բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն արդեն ազատ են արձակվել։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` Հայաստան–Ադրբեջան սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։