Կիրանցի բնակիչները ոստիկանությունից դուրս գալուց հետո պատմել են, թե ինչպես են ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, իրենց բերման ենթարկել։
«Մենք զուտ կանգնած էինք, եկել ենք շատ քանակով, ինձ երևի 10–ից ավել բերետավորներ են վերցրել ու, խփելով, քաշ տալով, տեղափոխել են մեքենա ու անհասկանալի պատճառով բերել են էստեղ»,– պատմում է Կիրացի բնակիչ Ռուդիկ Ավալյանը։
Կիրանցեցին վստահեցնում է, որ հավաքվածներից ոչ–ոք դիմադրություն ցույց չի տվել, չի ընդդիմացել։ Միայն ոստիկաններին ասել են, որ տարածքը չականազերծեն, որովհետև այդպես ադրբեջանցիները հեշտությամբ կմտնեն գյուղ, ինչից հետո նրանց սկսել են բերման ենթարկել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծաքանակ ոստիկանական ուժեր են կուտակվել ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի տարածքում, նրանք փակել են գյուղի մուտքերը:
Sputnik Արմենիային ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ 31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին։ Պատգամավոր Գառնիկ Դանիելյանի տեղեկացմամբ` նրանց մեջ անչափահասներ կան։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից և մինչև հուլիսի 1-ը ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը: Նույն օրը երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները, դժգոհ լինելով Երևանի և Բաքվի պայմանավորվածություններից, բողոքի ակցիաներ են իրականացնում: