Տոկաևը խորհրդանշական է համարել Միրզոյանի և Բայրամովի` Ալմաթիում կայանալիք հանդիպումը

Կասիմ-Ժոմարտ Տոկաև
Ղազախստանի նախագահը կարծում է, որ առաջիկա հանդիպումը կծառայի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման համար Ալմաթիում բանակցություններ անցկացնելու համաձայնությունը: Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Խորհրդանշական է, որ այս կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում, որտեղ 1991 թվականի դեկտեմբերին ստորագրվեց պատմական Ալմա Աթայի հռչակագիրը, որն ամրագրեց ԱՊՀ երկրների անկախ զարգացման հիմքերը և հաստատեց միջպետական սահմանների որոշման սկզբունքները», - նշել է Տոկաևը։
Նրա կարծիքով` առաջիկա հանդիպումը կծառայի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը և կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության շուտափույթ հաստատմանը:
Հիշեցնենք` ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարեց, որ Ղազախստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հարցում և հարթակ տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար։
Ապրիլի 29–ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հաստատեց, որ կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով. հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում։
Նշենք, որ Միրզոյան–Բայրամով վերջին հանդիպումը կայացել է փետրվարի 28-29–ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` կողմերը պայմանավորվել են շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։