Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ 6 իրավապահ լուրջ վնասվածքներ են ստացել

Հանրահավաք Թբիլիսիում
Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքողները շշեր, քարեր և ծանր առարկաներ են նետել հատուկջոկատայինների վրա, 6 իրավապահ լուրջ վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՆԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն:
«Հանրությունը հստակ տեսավ, որ ակցիան ամբողջությամբ բռնի բնույթ է ստացել։ Ցուցարարները դիմադրել են ոստիկաններին, վիրավորել նրանց։ Նրանք իրավապահների ուղղությամբ տարբեր ծանր առարկաներ, քարեր ու շշեր են նետել։ Ռուսթավելի պողոտայում հանրահավաքի մասնակիցների բռնի գործողությունների հետևանքով ՆԳՆ 6 աշխատակից լուրջ վնասվածքներ են ստացել: Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում», - ասել է Դարախվելիձեն։
Հիշեցնենք` Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին, որին դեմ են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները. նրանք համարում են, որ այդ օրենքը կխանգարի Եվրամիությանն ինտեգրվելու հարցում։
Թբիլիսիում հատուկջոկատայինները պղպեղային սփրեյ են կիրառել ցուցարարների դեմ. տեսանյութ