Մեր անկախ պետականությունն աշխատանքի արդյունք է. նախագահը շնորհավորել է աշխատավորների տոնը

Վահագն Խաչատուրյանը վստահեցնում է` պետություններն ու հասարակությունները հաջողում են, եթե քաղաքացու աշխատանքի իրավունքն առավելագույնս պաշտպանված է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Արժանավայել աշխատանքը, աշխատանքի իրավունքը քաղաքացու անքակտելի իրավունքն է և պետության բարեկեցության ու զարգացման առաջնային առհավատչյան: Այս մասին Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվան նվիրված ուղերձում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով` պատերազմների, տնտեսական ճգնաժամերի և այլ մարտահրավերների հնարավոր է դիմակայել միասնական աշխատանքի և պատասխանատվության միջոցով։
«Պետություններն ու հասարակությունները հաջողում են, եթե կարողանում են ստեղծել այնպիսի միջավայր ու մթնոլորտ, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքն առավելագույնս պաշտպանված է, իսկ արժանավայել աշխատելու և ստեղծելու հնարավորությունը՝ երաշխավորված»,– ասված է ուղերձում։
Խաչատուրյանը շեշտել է` Հայաստանի անկախ պետականությունը յուրատեսակ աշխատանքի արդյունք է։ Վստահեցրել է, որ պետության բարեկեցության ու զարգացման գլխավոր գրավականը պաշտոնյայի, զինվորականի, բանվորի ու գիտնականի, ուսուցչի ու արհեստավորի ստեղծագործ ու միասնական աշխատանքն է։ Ըստ նախագահը` հենց այդ պարագայում է կերտվում զարգացած, ժողովրդավար ու բարգավաճող Հայաստանի Հանրապետությունը:
Հիշեցնենք, որ մայիսի մեկին նշվում է Աշխատավորների միջազգային օրը: Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա:
Այսօրը պատմության մեջ. Մայիսի 1