ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Հակակառուպցիոն դատարանը պաշտոնական ծանուցում է ուղարկել Արցախի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանին՝ «Քյոխին», գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նա պետք է ներկայանա Հակակառուպցիոն դատարան և հարցաքննվի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում:
Հիշեցնենք` 2022թ–ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
Արզումանյանը կալանավորվել է սեպտեմբերի 1-ին և մինչ օրս գտնվում է կալանքի տակ: