ՀՀ–ն և Ադրբեջանը հաստատել են, որ մասնակցելու են Ալմաթիի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները
Երկու երկրների բանակցությունները Ղազախստանում անցկացնելու գաղափարն առաջարկել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի ժամանակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են, որ կմասնակցեն Ղազախստանում նախատեսված բանակցություններին։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը:
Ղազախստանի փոխարտգործնախարար Ալիբեկ Բակաևն այսօր հայտարարել էր, որ հանդիպման ամսաթիվը որոշված չէ, քանի որ Հայաստանը դեռևս չի հաստատել իր մասնակցությունը:

«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները տեղի կունենան Ալմաթիում։ Երկու կողմերն էլ հաստատել են իրենց մասնակցությունը։ Անցկացման օրը լրացուցիչ կհայտարարվի», - ասել է Սմադիարովը։

Հիշեցնենք` ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարեց, որ Ղազախստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հարցում և հարթակ տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար։
Ապրիլի 29–ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հաստատեց, որ կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով. հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում։
Նշենք, որ Միրզոյան–Բայրամով վերջին հանդիպումը կայացել է փետրվարի 28-29–ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` կողմերը պայմանավորվել են շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։