ՀՀ–ն ԵԱՏՄ շրջանակում կսկսի կազմել տնտեսության առավել մանրամասն վերլուծություն. փոխնախարար

Միության երկրների ֆինանսական գերատեսչությունները սկսում են միասին ավելի մանրամասն աղյուսակներ կազմել, որտեղ ապրանքների և ծառայությունների թողարկումը կհամեմատվի բյուջեի ծախսերի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Հայաստանն ու ԵԱՏՄ մյուս երկրները միասին կսկսեն տնտեսության ավելի մանրամասն վերլուծություն կազմել։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը՝ Երևանում Հայ-ռուսական համալսարանում անցկացված «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» համաժողովի շրջանակում։
Նա նշեց, որ միության հինգ երկրների ֆինանսների նախարարությունները համաձայնեցրել են մակրոտնտեսական կայունության համատեղ չափանիշները։
Այստեղ կիրառվում են մոտավորապես նույն հիմնական չափանիշները, ինչ միջազգային պրակտիկայում. ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի ռիսկ չպարունակող մակարդակ է համարվում 50%-ը, ՀՆԱ-ի նկատմամբ բյուջետային դեֆիցիտի մակարդակ՝ 3%-ը։
ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառությունը 2023 թվականին ռեկորդային ցուցանիշի է հասել. Միշուստին
Այս ցուցանիշները գերազանցելու դեպքում կառավարությունը միջոցներ է ձեռնարկում ընթացիկ ծախսերը կրճատելու և կապիտալ ծախսերը մեծացնելու համար (ապագա տնտեսական զարգացման հիմքեր ստեղծելու համար):
Բացի այդ, Հակոբյանը հավելեց, որ միության երկրների ֆինանսական գերատեսչությունները սկսում են միասին ավելի մանրամասն աղյուսակներ կազմել, որտեղ համեմատվելու են տնտեսության մեջ ապրանքների ու ծառայությունների թողարկումը և բյուջետային ծախսերը (այսպես կոչված input-output մոդելները): Այս ամենը թույլ կտա ավելի մանրամասն պատկերացում կազմել տնտեսության մասին և կօգնի ավելի ճշգրիտ որոշումներ կայացնել բյուջե կազմելիս, տնտեսությունը խթանելու նախագծերում և այլն:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: