Ադրբեջանը լեգիտիմ հիմք ունի հարձակվելու ՀՀ–ի վրա միայն Տավուշի 4 գյուղերից․ ՔՊ պատգամավոր

Արթուր Հովհաննիսյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Իշխանական պատգամավորի կարծիքով՝ ընդդիմադիր ուժերը ՌԴ խաղաղապահների համար տեղակայման վայր են փնտրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Ադրբեջանը միայն Տավուշում ունի լեգիտիմ հիմք հարձակվելու ՀՀ ինքնիշխան տարածքների վրա, ուստի սահմանազատումը ճիշտ էր սկսել հենց այնտեղից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Այս պահին ես բացառում եմ, որ այլ տեղ կա, որտեղ Ադրբեջանը լեգիտիմ հիմք ունի հարձակվելու Հայաստանի վրա, բացի Տավուշի 4 գյուղերից»,- ասաց նա։
Արթուր Հովհաննիսյանի պնդմամբ` ընդդիմության կոչերը, սահմանազատումը սկսել օրինակ՝ Ջերմուկից հատուկ նպատակ ունեն։
«Իրենք ասում են Ջերմուկից սկսեք, որ մենք Տավուշում չանենք, Ադրբեջանը հարձակվի, իրանց սցենարը լինի՝ կռիվ սկսվի, իրանց փրկիչները գան, տեղակայվեն։ Ընդդիմադիր ուժերը պարզապես ՌԴ խաղաղապահների համար տեղակայման վայր են փնտրում»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։
Նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ սահմանազատված սահման ունենալն էականորեն նվազեցնելու է էսկալացիայի ռիսկը, բայց հավելեց, որ այն 100 տոկոս չի ապահովի անվտանգություն։
«Անգամ խաղաղության պայմանագրից հետո չկա որևէ սուբյեկտ, որ կարող է դուրս գալ ու ասել՝ վերջ, 100 տոկոս ամեն ինչ շատ լավ է լինելու։ Մենք ասում ենք՝ ռիսկեր կան, կան պրոցեսներ, որոնց միջով անցնում է Հայաստանը»,- հավելեց նա։
Պատգամավորը նշեց, որ ընդդիմությունը, ասելով, թե սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը՝ ինքնաբերաբար հանձնում է Բերքաբերը, Ջերմուկը, ինչպես նաև տարածքներ Գեղարքունիքից ու Սյունիքից։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
ՀՀ–ին անպաշտպան թողնելը հանցագործություն է, դավաճանություն. իրավաբանը` Տավուշի մասին