ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Փարաքար համայնքում 36 կգ ոսկու ձուլակտորներ և 293 մլն ռուբլի գումար հափշտակելու վարույթի շրջանակում խուզարկություններ են կատարվել, ևս մեկ անձ կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 10-ին Փարաքարի ճանապարհին զինված հարձակում է եղել «Հյունդաի սոնատա» մակնիշի ավտոմեքենայի վրա, հափշտակել են 36 կգ ոսկե ձուլակտոր և 293 մլն ռուբլի։ Ապրիլի 13-ին իրավապահները Երևան–Երասխ ճանապարհի Արարատի վարչական տարածքում բռնել և վնասազերծել են ապրիլի 10-ին ավազակային հարձակմամբ 36 կգ ոսկու ձուլակտոր և խոշոր չափի գումար հափշտակած կասկածյալներից մի քանիսին։ 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 5-ը կալանավորվել են։ Տարածքի ուսումնասիրությամբ դեպքի վայրից «Պորշ» մակնիշի մեքենա է հայտնաբերվել, որը «թաղվել էր» Մերձավանում գործող ավազի հանքում։
«Պարզվել է, որ «Պորշը» հանքում խնամքով թաղելուց հետո խմբի 5 անդամները «ԳԱԶ-3102» մակնիշի մեքենայով հեռացել են։ Հանցավոր կազմակերպության անդամներից մեկը` 48-ամյա տղամարդը, Երևանի Բագրատունյաց փողոցում գողոնով պայուսակն իր «Տոյոտայից» տեղափոխել է ուղևորափոխադրումներ կատարող «Մերսեդես Վիտո» մակնիշի մեքենան, ինքն էլ որպես ուղևոր` տեղավորվել մեքենայում: Արարատի մարզում «Մերսեդես Վիտոն» կանգնեցվել է, 48-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 58 մլն ռուսական ռուբլի և ոսկու 2 ձուլակտոր: Հայտնաբերվել, ձերբակալվել և նախաքննական մարմին են տեղափոխվել խմբի այլ անդամներ, խուզարկություններով հայտնաբերվել է հափշտակված գումարի մի մասը ևս»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության անդամներին մեղադրանք է ներկայացվել հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով ավազակային հարձակում կատարելու համար:
Քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, որոնցից 6–ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է: