Որ իմանան, թե ինչ է պատերազմը. 102-րդ ռազմաբազայի հրամանատարը շնորհավորել է վետերաններին

Ալեքսեյ Յակովենկոն նրանց հուշանվերներ է հանձնել՝ մաղթելով առողջություն և երկար կյանք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսեյ Յակովենկոն Հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել է Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին:
Յակովենկոն նրանց հուշանվերներ է հանձնել՝ մաղթելով առողջություն և երկար տարիների կյանք:
Հոկտեմբեր Ստեփանյան
«Աստված ձեզ առողջություն տա, որ թոռներին ու ծոռներին պատմեք, թե ինչ գնով է մեզ բաժին հասել այդ հաղթանակը, որպեսզի հիշեն ու հպարտանան ձեզանով, իսկ հաջորդ սերունդները իմանան, թե ինչ է պատերազմը և թույլ չտան դա»,-ասել է նա:
Վետերաններից մեկը Հայրենական մեծ պատերազմի մասնակից Ասատուր Բազիյանն է։ Նա ծնվել է 1925թ.-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղում: 18 տարեկանում զորակոչվել է բանակ՝ Դիլիջան, այնտեղից նրան տարել են Կերչ։ Եղել է 121-րդ դիվիզիայի 13-րդ բանակի կազմում։
Երեք անգամ վիրավորվել է, վերջին անգամ՝ 1944 թվականի գարնանը Վարշավայի ճակատամարտում։ Մայիսի 9-ը Ասատուր Բազիյանի համար յուրահատուկ օր է։ Պատերազմի վետերանը հավատում է Աստծուն և չի կասկածում, որ միայն նրա շնորհիվ է, որ ինքը դեռ ողջ է:
Բազիյանը խստորեն հետևում է հանգստի և սնվելու ռեժիմին. նախաճաշ՝ 09:00-ին (սովորաբար շիլա կամ խաշած ձու), անպայման՝ մեղրով թեյ: Ժամը 14:00-ին ճաշ, իսկ 20։00-ին՝ ընթրիք։ 99 տարեկանում նա զբաղվում է տնային տնտեսությամբ, խաղող է աճեցնում, որից շատ համեղ գինի է պատրաստում, կարող է նաև ինչ-որ բան նորոգել, եթե կարիքը լինի։
Վոլոդյա Գսպոյան
Յակովենկոն շնորհավորել է Երկրորդ համաշխարհային պատերազմի նաև մեկ այլ վետերանի՝ Վոլոդյա Գսպոյանին: Նա ծնվել է 1925թ.-ի սեպտեմբերի 7-ին Սարուխան գյուղում: Գսպոյանը կռվել է Թամանյան 89-րդ դիվիզիայի կազմում։
1945 թվականի ապրիլի 26-ին վիրավորվել Է Բեռլինի մոտ։ Մինչ օրս վետերանի մեջքի հատվածում արկի երկու բեկոր կա։ Գսպոյանը շնորհակալություն է ստացել անձամբ Ստալինից։
Պարգևատրվածների թվում է նաև Հայրենական մեծ պատերազմի վետերան Հոկտեմբեր Ստեփանյանը: Նա 13 տարեկան էր, երբ սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը։ Այդ տարիներին աշխատել է որպես մեքենավար։
Հոկտեմբեր Ստեփանյան
Հիշեցնենք, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մոտ 600 հազար հայ է մեկնել ռազմաճակատ, նրանց կեսից ավելին չեն վերադարձել: Երկրորդ համաշխարհային պատերազմի չորս մասնակից Խորհրդային Միության մարշալ են դարձել, նրանցից մեկը՝ նավատորմի ծովակալ: Շուրջ 60 հայ գեներալներ խոշոր զորամիավորումներ են ղեկավարել։ Բացի այդ, հայերը բացառիկ անձնազոհության օրինակ են ցուցադրել դաշնակից զորքերի կազմում, պարտիզանական ջոկատներում և դիմադրության շարժման շարքերում։
1 / 2

Հոկտեմբեր Ստեփանյան

2 / 2

Հոկտեմբեր Ստեփանյան