Տպավորություն է` կա՛մ մենք ենք հիմար, կա՛մ մեզ են այդպիսին համարում. Թորոսյանը` դատախազին

Արսեն Թորոսյան
Աննա Վարդապետյանը շեշտեց, որ ճիշտ չէ դատախազությանն անդաստիարակության մեջ մեղադրելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջև փոքր վիճաբանություն եղավ։
Թորոսյանը, որն այդ հանձնաժողովի անդամ չէ, բազմաթիվ հարցեր ուներ գլխավոր դատախազին։ Մասնավորապես նրան մտահոգում էր, որ մարդկանց բերման են ենթարկում ինքնախոստովանական ցուցմունք կորզելու համար, այլապես սպառնում են ձերբակալմամբ և կալանավորմամբ։
«Կոպիտ ասած` մեղադրանքը ներկայացվում է, հետո մարդուն կանչում, ասում են` դե, խոստովանի, որ դու ես արել այդ հանցանքը, չխոստովանես` քեզ կձերբակալենք, եթե ձերբակալելուց հետո էլ չխոստովանես, քեզ կտանենք կալանավորման»,– ավելացրեց նա։
Թորոսյանն անդրադարձավ նաև այն իրավապահների պահվածքին, որոնց մասին եղել են խոշտանգումների փաստով հայտարարություններ, բայց պատասխանատվության չեն ենթարկվել։
«Բոլոր մարդիկ են հավասար օրենքի առաջ, սակայն տպավորություն է, որ որոշ մարդիկ ավելի հավասար են»,– նշեց նա։
Պատգամավորը խոսեց նաև դատախազությանն ուղարկված իր հարցումների մասին` նշելով, որ երբ կրկին ճշտող հարցումներ է ուղարկել, դատախազությունից ասել են` մենք արդեն պատասխանել ենք ձեր հարցմանը։
«Այնպիսի տպավորություն է, որ կա՛մ մենք ենք հիմար, որ 2–րդ անգամն ենք նույն բանն ուղարկում, կա՛մ մեզ են այդպիսին համարում։ Դա տհաճ է մի մարմնի համար, որը ընտրում է գլխավոր դատախազ, որը հաշվետու է ԱԺ–ին։ Այն դեպքում, երբ իմ հարցումը նախաքննական գաղտնիքին չի վերաբերում, այլ բաց տեղեկատվությանը, որը պետք է տրվի, երբ պահանջում են»,– հայտարարեց նա։
Անդրադառնալով պատգամավորի առաջին հարցին` ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասաց, որ ՀՀ դատախազությունը քրեական գործերը չի դակում ու ուղարկում դատարան։
«Մենք պատասխանատվությունը կրող այն մարմինն ենք, որը պետք է մեղադրանքի որակի համար հաշվետու լինի դատարանում։ Իրականությանը չի համապատասխանում այն, որ մենք անձից ցուցմունքներ ենք կորզում, քանի որ անձը կարող է գալ դատարան ու հակառակն ասել, ու այդ մեղադրանքն ուղղակի չի ապրի»,– հայտարարեց նա։
Ինչ վերաբերում է պատգամավորի հարցումներին, ապա Վարդապետյանն ասաց, որ այդ պահին ինչ տեղեկություն ունեցել են ձեռքի տակ, բոլորն ուղարկել են։
«Իսկապես ճիշտ չէ մեզ անդաստիարակության մեջ մեղադրելը. մենք մեր բազմաթիվ գործընկերներից հարցումներ ենք ստանում, ու եթե նրանցից ինչ–որ մեկը վիրավորված է մեր պատասխաններից, կխնդրեմ արձագանքել»,– նշեց նա։
Գլխավոր դատախազը հորդորեց իրենց ուղղված բոլոր գրությունները գրել ավելի հստակ, քանի որ չի բացառվում թյուրըմբռնումը։
Ինչո՞ւ ուղղորդված կալանավորվեցին Մախսուդյանի որդիները. Նազարյանը` ՀՀ գլխավոր դատախազին