ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Վերաքննիչ դատարանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» պոդկաստի համահեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանն այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Յութուբով» հեռարձակվող «Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։
Մելիքյանը նշել է, որ վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանն օրեր առաջ մերժել էր Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հատուկ վերանայման բողոքը։
«Հասկանու՞մ եք` ինչ է եղել։ Նույն մարդը օրեր առաջ արդեն իսկ մերժել էր այն առանցքային փաստարկը, որ տղաների արարքը ոչ մի կերպ չի տեղավորվում խուլիգանության հանցակազմի ներքո, և հիմա հարկ չի համարել ինքնաբացարկ հայտնել ու որոշումը փոխանցել մեկ այլ դատավորի»,– գրել է փաստաբանը։
Նա նաև ընդգծել է, որ Նարեկին ու Վազգենին ազատությունից զրկել են Տավուշի մասին Նիկոլ Փաշինյանի պրոադրբեջանական ու հակահայկական թեզերը «Իմնեմնիմի»-ով մեկնաբանելիս առանձին դեպքերում հայհոյանքներ օգտագործելու համար։
Փաստաբանը վստահ է, որ վերագրվող արարքը ոչ այլ ինչ է, եթե ոչ «ծանր վիրավորանք», իսկ այդ հանցակազմը ապաքրեականացվել է դեռևս 2022թ. հուլիսին։
Հիշեցնենք` մարտի 22-ի առավոտյան ոստիկանության աշխատակիցներն ավտոկայանատեղիում մի քանի հոգով թիկունքից հարձակվել ու անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ գետնին էին տապալել AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, «Իմնեմնիմի» պոդկաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանին, ապա ձերբակալել նրան։ Այնուհետև իրավապահները գնացել էին նաև Վազգեն Սաղաթելյանի տան մոտ և դատարանի որոշումը ներկայացնելուց հետո ձերբակալել նրան։