ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Կիրանց գյուղի մի խումբ բնակիչներ ժամանել են Երևան` հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց մի կիրանցի։
Բնակիչները եկել են քննարկելու տարածքների փոխանակման թեման։
Նշենք, որ արդեն 11 օր է տավուշցիները պայքարում են Ադրբեջանին միակողմանի տարածքային զիջումների դեմ:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։