ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է սահմանազատման առկա գործընթացը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Հայտնել ենք, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղի մի խումբ բնակիչներ Երևան էին եկել` հանդիպելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպման ավարտից հետո ո՛չ գյուղապետ Կամո Շահինյանը, ո՛չ էլ գյուղացիները չցանկացան մեկնաբանոււթյուն տալ։ Նրանցից մեկն ասաց միայն, որ ամեն ինչ նույնն է մնացել։
«Կիրանցեցիները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը: Վարչապետը շեշտել է, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են»,– ասված է հաղորդագրությունում։
Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները և համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին։
Հավելենք, որ կիրանցեցիների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և այլ պաշտոնատար անձինք։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։