ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանում պարարվեստով զբաղվում են նվիրյալները, Պարի միջազգային օրվա առթիվ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը՝ խոսել է ոլորտի խնդիրներից, որոնցից մեկն էլ մասնագետների պակասն է։
«Դժվար է գտնել հայկականը պահող, քաջատեղյակ մասնագետներ, նրանք շատ քիչ են մնացել»,–ասում է Սարգսյանը։
Նա հույս ունի, որ այդ հարցը կլուծվի, եթե պետական մոտեցումն ավելանա պարարվեստի ոլորտում և մի փոքր ավելի շատ ուշադրություն հատկացվի։
Մասնագետների պակասից զատ՝ ամենամեծ և օրակարգային խնդիրը կենտրոնի համար տարածքի հարցն է։
«Իհարկե աշխատում ենք նախարարության հետ այդ հարցը լուծելու համար, բայց պարարվեստի հաստատությունները միավորելու գաղափարն ի սկզբանե այնպիսին էր, որ ՊՈԱԿ–ն ունենա մեկ շենք և գործունեություն ծավալի այնտեղ։ Այստեղ են 6 կոլեկտիվ, որոնցից ոչ մեկը երբևէ սեփական տարածք չի ունեցել»,–ասաց նա։
Սարգսյանի խոսքով` ամեն անգամ մի տեղ ճարում են փորձերի համար։ Նա հույս հայտնեց, որ տարի կլուծվի այդ հարցը։
Պարարվեստի ոլորտի մասնագետներին շարունակում է լուրջ մտահոգել նաև աշխատավարձերի հարցը, որոնք պետական սեկտորում, մեղմ ասած, բավականին ցածր են։
«Այս հարցը էլի քննարկման փուլում է, որ ելույթավճարների անցնենք»,–ասաց նա։
Արմեն Սարգսյան
© Sputnik / Zara Mika
Կա նաև տղա պարողների պակաս։ Սովորելով Պարարվեստի պետական քոլեջում՝ 14-15 տարեկանից նրանք պրակտիկա են անցնում անսամբլներում, խորեոգրաֆները ջանք ու եռանդ չեն խնայում, որ բեմադրությունների մեջ տղաների ներգրավեն։ Սակայն 18 տարին լրանալուն պես, երբ տղաները արդեն պետք է որպես արտիստներ հանդես գան անսամբլներում, զորակոչվում են, իսկ 2 տարի հետո արդեն չեն ուզում վերադառնալ պարարվեստ, քանի որ աշխատավարձերը շատ ցածր են։
Սարգսյանը հավելեց, որ այդ հարցը քննարկել է Ազգային ժողովում, և պատգամավորներն էլ համաձայնել են ընթացք տալ, որևէ օրենք ընդունել , որ իրենց կենտրոնում գործունեություն ծավալող արտիստները Երևանում ծառայեն և հնարավորություն ունենան փորձերին մասնակցելու։