Հայաստանն ու Ադրբեջանը արդեն 35 սահմանային սյուն են տեղադրել

Տավուշ
Ըստ ՀՀ կառավարության` նախատեսված աշխատանքների կեսից ավելին արդեն իրականացվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն»,– ասված է հաղորդագրությունում։
Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։