Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի շինաշխատանքները կսկսվեն 2024 թ. 2-րդ եռամսյակում

Մարզադպրոց. արխիվային լուսանկար
Կենտրոնը կզբաղեցնի 1.5 հա տարածք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեում: Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։
«Այն կզբաղեցնի 1.5 հա տարածք։ Կենտրոնը կունենա ժամանակակից պահանջներին համապատասխան շենքային պայմաններ: Մարզումների համար 2 դահլիճ է լինելու, սպորտային և գեղարվեստական մարմնամարզության համար մրցումային դահլիճ` նախատեսված 532 անձի համար»,– նշեց Փամբուխչյանը։
Նրա խոսքով` շինարարական աշխատանքները կսկսվեն 2024թ. 2-րդ եռամսյակում, , իսկ աշխատանքները կավարտեն 2026 թվականին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ մարզադպրոցի կառուցումը շատ կարևոր է մայրաքաղաքի համար, և նոր շենքում պլանավորվում է անցկացնել աշխարհի առաջնությունը։
«Ընդամենը 2 տարի ունենք շինարարությունն ավարտելու համար, հորդորում ենք խոշոր շինարարական ընկերություններին մասնակցել մրցույթին»,– ասաց Ավինյանը։
Հիշեցնենք` ՀՀ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը դեռ 2023 թվականի մարտին հայտնել էր, որ «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում մարմնամարզության նոր մարզադպրոց կկառուցվի (տարածքը գտնվում է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ, «Դալմա» առևտրի կենտրոնի դիմաց)։
Նախարարը պարզաբանել էր, որ նման որոշման անհրաժեշտությունը ծագել է այն բանից հետո, երբ 2019թ-ին կառավարությունը որոշել է վերանորոգել Ալբերտ Ազարյանի անվան օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարմնամարզության մարզադպրոցի շենքը։ Բայց ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 1960-ական թվականներին կառուցված շենքը ժամանակակից մարզադպրոցների նորմերին չի համապատասխանում և անհրաժեշտ է իրականացնել շինության վերակառուցում, ուժեղացում, սեյսմազինվածության բարձրացում, որի համար կպահանջվեն զգալի ֆինանսական միջոցներ: