Սյունիքում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը ձերբակալվել է. ՀՀ ՔԿ–ն մանրամասներ է հայտնում

Սյունիքում վթարի ենթարկված ավտոբուսը
Տաթևի վանքից մի քանի շրջադարձ անցնելուց հետո վարորդն ասել է, որ արգելակները չեն պահում և ձեռքի պահեստային արգելակով կանգնեցրել է մեքենան, սակայն վայրկյանների ընթացքում մեքենան ձորն է ընկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում իրանցի զբոսաշրջիկներին Իրան տեղափոխելու ընթացքում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հայտնել էինք, որ երեկ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում իրանական պետհամարանիշով ավտոբուսը դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, որի հետևանքով կար 5 զոհ և 9 վիրավոր։
Քննությամբ պարզվել է, որ դեպքի պահին ավտոբուսում գտնվել է ընդհանուր 26 հոգի, որոնցից 23-ը՝ ուղևոր, 2 վարորդ և 1 օգնական:
«Վթարի հետևանքով զոհվել են 5 անձ, որոնց ինքնությունները, նախնական տվյալների հիման վրա պարզվել են, նրանք ԻԻՀ քաղաքացիներ են։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 10 անձ, այդ թվում՝ վթարին նախորդած շրջանում ավտոբուսի վարորդ հանդիսացած անձը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են զննություններ:
Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված ավտոբուսով ապրիլի 25-ին ԻԻՀ-ից Երևան են ժամանել զբոսաշրջիկներ։ Զբոսաշրջիկներին վերադարձնելու նպատակով ապրիլի 27–ին ժամը 11-ի սահմաններում, Երևան քաղաքից նշված ավտոբուսն ուղևորվել է դեպի Իրան։
Տաթևի վանքից մի քանի շրջադարձ անցնելուց հետո վարորդն ասել է, որ արգելակները չեն պահում և ձեռքի պահեստային արգելակով կանգնեցրել է մեքենան:
Վարորդը և ուղևորներից մեկը իջել են ավտոբուսից՝ անիվի տակ առարկա դնելու և արգելակն ամրապնդելու համար, սակայն վայրկյանների ընթացքում ավտոբուսը պոկվել է տեղից, սկսել է առաջ ընթանալ շուրջ 30-50 մետր և, հարվածելով ու պոկելով պաշտպանիչ մետաղական արգելապատնեշը, գլորվել է ձորը:
«Ապրիլի 27-ին որոշում է կայացվել անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով վթարված «Սկանյա» մակնիշի տուրիստական ավտոբուսի վարորդ Հ․ Ղ․ Հ-ին ձերբակալելու մասին։ Ստուգվել է վարորդի սթափության աստիճանը, պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դեպքի հանգամանքները, վթարի պատճառները, վարորդի կողմից տրանսպորտային միջոցի շահագործման և երթևեկության կանոնները պահպանելու, վթարը կանխելու հնարավորությունները պարզելու և նրա գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։