Ֆրանսիայի ԱԳ նախարարը Բեյրութում կքննարկի Իսրայելի հետ լարվածությունը թուլացնելու հարցը

Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն
Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն. Արխիվային լուսանկար
Լիբանանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ֆրանսիական նախաձեռնությունը կարևոր քայլ է խաղաղության և անվտանգության ճանապարհին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն, որը երեկ երեկոյան ժամանել է Բեյրութ, Լիբանանի ղեկավարության հետ կքննարկի Փարիզի նախաձեռնությունը Իսրայելի հետ սահմանին լարվածության թուլացման վերաբերյալ։
«Ֆրանսիացի նախարարը բանակցություններ կվարի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի, կառավարության ղեկավար Նաջիբ Միքաթիի, արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բու Հաբիբի և բանակի հրամանատար գեներալ Ջոզեֆ Աունի հետ», - տեղեկացնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը՝ NNA-ն։
Բեյրութից հետո Ֆրանսիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա, այնուհետև կայցելի Իսրայել:
Փետրվարին հաղորդվել էր, որ պաշտոնական Փարիզը Լիբանանին է ուղարկել Վաշինգտոնի մասնակցությամբ մշակված գրավոր առաջարկ, որում ֆրանսիական կողմն առաջարկել է Իսրայելի հետ սահմանին ռազմական գործողությունների դադարեցման իր բանաձևը: Մասնավորապես, Փարիզը կոչ է արել «Հեզբոլլահ» շարժմանն իր ստորաբաժանումները հետ քաշել սահմանից 10 կմ հեռավորության վրա՝ Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Հարավային Լիբանանի գնդակոծությունները դադարեցնելու դիմաց:
Ի պատասխան՝ Լիբանանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ֆրանսիական նախաձեռնությունը կարևոր քայլ է համարում խաղաղության և անվտանգության ճանապարհին:
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Լիբանանի տարածքին․ ԶԼՄ
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։