ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. «Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի» ցուցապաստառներով այսօր բողոքի ակցիաներ են անցկավել Երևանի մշակութային տարբեր կենտրոններում։
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ անցկացվում էր «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառումը, նման գրություններով ցուցապաստառները պարզած բեմ են բարձրացել երկու երիտասարդ։ Տեղեկությունը հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։
Ինչպես երևում է տեսանյութից, հանդիսատեսը մեծ ջերմությամբ ողջունել է ակցիան:
Ի դեպ, դահլիճում են եղել նաև կառավարության ներկայացուցիչներ:
«Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է։ Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության»,– նշված է շարժման հաղորդագրության մեջ։
Մեկ այլ ակցիա է անցկացվել Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։
Երիտասարդները նույնանուն ցուցապաստառներով ներկայացումից հետո բարձրացել են բեմ։ Հանդիսատեսն այստեղ նույնպես նրանց ընդունել է ծափողջույններով։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։