ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուսը Ադրբեջանի 44 պաշտոնյաների նկատմամբ նախագիծ է ներկայացրել։ Այդ մասին նա տեղեկացրել է X–ի իր միկրոբլոգում։
«Քիչ առաջ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման մասին նախագիծ եմ ներկայացրել, որով առաջարկում եմ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի 44 պաշտոնյաների նկատմամբ՝ Արցախում հայերի էթնիկ զտումների և քաղաքական ընդդիմության նկատմամբ դաժան բռնաճնշումների հետ կապված»,– գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամը։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ–ն պետք է ամուր դիրքորոշում որդեգրի Հայոց ցեղասպանության հարցում։
Հիշեցնենք` Ադրբեջանը 2023 թ. սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։