Սուրեն Պետրոսյանն այսօր պետք է ազատ արձակվի. փաստաբան

Այսօր լրանում է Սուրեն Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը, նրան մեղադրանք չի առաջադրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Քաղաքական գործիչ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, որը վերջին 1 ամսում բնակություն է հաստատել տավուշի մարզի Ոսկեպար գյուղում, այսօր պետք է ազատ արձակվի։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը «Ֆեյսբուքի» իր էջում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 23-ին Տավուշում տեղի ունեցած ակցիաների ժամանակ բերման են ենթարկել «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության անդամներին` քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, ինչպես նաև շարժման անդամ Միքայել Մարտիրոսյանին։ Բոլորն ազատ էին արձակվել, բացի Պետրոսյանից։
«Այսօր լրանում է Սուրեն Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը։ Առավոտյան ժամը 08։10–ին լրացել է այն ժամանակը, երբ ՔԿ–ն կարող էր կալանքի միջնորդություն ներկայացնել։ Դա չէր կարող լինել, որովհետև պետք է մեղադրանք առաջադրվեր, սակայն չի առաջադրվել։ Նշանակում է, որ Սուրեն Պետրոսյանը պետք է որ ազատ արձակվի»,– ասաց Մելիքյանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։