Սիմոնյանին խորհուրդ եմ տալիս «ջրիկություն» չանել. քաղաքագետը` Ադրբեջանից գազ գնելու մասին

Սուրենյանցը վստահ է` Ադրբեջանին նման զենք տալը խիստ վտանգավոր է, քանի որ տեսնում ենք, թե ինչպես է այդ երկիրն օգտագործում իր լծակները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ադրբեջանից դեպի Հայաստան գազամուղ անցկացնելու դեպքում Բաքուն դա կօգտագործի որպես ճնշման գործիք։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը։
Սուրեն Սուրենյանց
Հայտնել ենք, որ ապրիլի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չէր բացառել, որ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ գնել։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ալիևի այդ հայտարարությանը` ՀՀ ԱԺ նախագահը դա շատ լավ տարբերակ էր համարել` շեշտելով, որ արժե ոչ միայն Ադրբեջանից, այլև Պարսկաստանից գազամուղ անցկացնել ու գազ գնել։
Հայաստանը նախատեսում է ավելացնել Իրանից գազի ներկրումը
Սուրենյանցը նկատում է` Ալիևն իր հայտարարությունում նշել է, որ Հայաստանն Ադրբեջանից գազ ձեռք բերելու պոտենցիալ ունի, բայց նաև հստակ նախապայմաններ է ասել, որոնցից մեկը խաղաղության պայմանագիրն է։ Սակայն դա էլ չի նշանակում, որ նրանք Հայաստանին վազելով գազ են վաճառելու, մանավանդ, որ «Խաղաղության պայմանագիր» կոչվածն էլ է նախապայմաններով լեցուն։
«Երկրորդը` դա մոտ ապագայի բան չէ, դրա համար պետք է ենթակառուցվածքներ ստեղծվեն, ինչպես նաև բազմաթիվ այլ գործոններ կան։ Կարծում եմ, որ դա մի քանի տասնամյակ հետոյի խոսակցություն է։ Այդ հարցը կախված է նաև ռուս–ադրբեջանական հարաբերություններից, քանի որ մենք չգիտենք` Բաքվի այս հայտարարությանը պրակտիկ քայլեր կհաջորդե՞ն, թե՞ ոչ։ Ալեն Սիմոնյանին խորհուրդ եմ տալիս պատշաճ պատկերացնել Հայաստանի կարգավիճակը և «ջրիկություն» չանել»,– նշեց Սուրենյանցը։
Նա նաև հիշեցրեց` Բաքվից գազ գնելու կամ գազատար անցկացնելու մեջ ևս մեկ խնդիր կա` Արցախի գազի խողովակի ընդամենը 1 փական գտնվում էր Ադրբեջանի ձեռքում ու ծանր հետևանքներ էին առաջ եկել։ Սուրենյանցը վստահ է` Ադրբեջանին նման զենք տալը խիստ վտանգավոր է, քանի որ տեսնում ենք, թե ինչպես է այդ երկիրն օգտագործում իր լծակները։
Սուրենյանցի համար նաև առնվազն տարօրինակ է այն հանգամանքը, որ Ալիևը մշտապես նախապայմաններ է դնում Հայաստանի առաջ, իսկ Հայաստանը հրճվանքով խոսում է այդ երկրից գազ ստանալու մասին։ Նրա պնդմամբ` էներգետիկ անվտանգություն չի կարող երաշխավորել մի երկիր, որը որպես պատանդ է պահում հայ քաղաքացիների։
Հայ-իրանական «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը երկարաձգվել է. ծավալները կավելանան
Հավելենք, որ Հայաստանը չունի սեփական գազ ու նավթամթերք (էներգետիկայի բնագավառում սեփական արտադրանքը էլեկտրաէներգիան է) և էներգետիկ մեծ կախվածություն ունի Ռուսաստանից։