Պետք է փորձենք կարգավորումներ գտնել. ՀՌՀ նախագահը` օտարերկրյա ալիքների մասին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը նշեց, որ օտարեկրյա ալիքներն ընդհանրապես չպետք է հայտնվեին հանրային մուլտիպլեքսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը փորձում է կարգավորումներ գտնել օտարերկրյա ալիքների կողմից հաղորդումների հեռարձակումների մասով։ Այս մասին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը` անդրադառնալով ՔՊ-ական Թագուհի Ղազարյանի հարցին` արդյոք ՀՌՀ-ն պատրաստվում է փակել ռուսական ալիքները։
Պետության միջամտություն չի եղել. Հակոբյանը` ՀՌՀ վերահսկողության տակ գործող ԶԼՄ–ների մասին
Ըստ Հակոբյանի` օտարեկրյա ալիքներն ընդհանրապես չպետք է հայտնվեին հանրային մուլտիպլեքսում, բայց եթե հայտնվել են, փակելու խնդիրը, նրա կարծիքով, մի քիչ ավելի բարդ է:
«Պետք է փորձենք այնպիսի կարգավորումներ գտնել, որ օտար երկրների ալիքները չպարտադրեն մեզ այն քաղաքական օրակարգը, որը խորթ է մեզ և հակասում է մեր օրենսդրությանը: ԲՏԱ նախարարությունն աշխատանքներ է իրականացնում, ինչ-որ խնդիրների շուրջ արդեն համաձայնության են եկել։ Երբ իրագործվի, բոլորս կիմանանք։ Ընդհուպ` ռուսական կողմը պատրաստակամ է, տեխնիկական հնարավորություններն է փորձում գտնել` փակելու այն հասարակական-քաղաքական հաղորդումները, որոնք վտանգ են պարունակում, և փոխելու դրանք այն հանրօգուտ բովանդակությամբ, որը մեզ համար ընկալելի կլինի»,– ասաց ՀՌՀ նախագահը։
Նա համոզմունք հայտնեց, որ եթե օրենքի հետագա փոփոխություն է նախատեսվել, ապա օտար հեռարձակողների, անգամ միջպետական համաձայնագրով հեռարձակումը պետք է արգելվի։ Ըստ Հակոբյանի` բացառություններ կարող են արվել, եթե դա տեղական ընկերությունն է հեռարձակում, եթե հանրօգուտ բովանդակություն ունի, և եթե դրանք հեռարձակվում են հայերեն։
Այսօր ՀՀ հեռուստաընկերություններում ռուսական բովանդակություն գրեթե չկա. ՀՌՀ նախագահ