ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik, Արամ Գարեգինյան. Երևանում ինժեներական քաղաքը դեռ մինչև վերջ չի կառուցվել, բայց պատրաստի մասում արդեն տեղավորվել են ավելի քան 20 ընկերություններ։ Նոր հատվածում կտեղակայվի գերհամակարգիչը (որն արդեն բերել են Ֆրանսիայից), ինչպես նաև լաբորատորիաներ, որտեղ կուսումնասիրվեն արդյունաբերության համար հեռանկարային խնդիրները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ինժեներական քաղաքը կառավարող կազմակերպություն) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
«Եվ այսպես` առաջին հարթակը, որը մեզ մոտ արդեն գործում է, արդյունաբերականն է, այստեղ ժամանակակից հաստոցներ են տեղադրված։ Երկրորդը, որը հիմա կառուցվում է, հետազոտական է. այստեղ էլեկտրոնիկայի հեռանկարային խնդիրների լաբորատորիաներ կլինեն»,- նշեց Ենգիբարյանը։
Բագրատ Ենգիբարյան
© Sputnik / Andranik Ghazaryan
Նման լաբորատորիաներից մեկը՝ արդյունաբերական կիբեռանվտանգության գծով, արդեն բացվել է։ Նշված ուղղությամբ ակտիվ աշխատում են ամբողջ աշխարհում․ ի վերջո, ոչ մի «խելացի» մեքենա (ինքնավար մեքենաների նախատիպեր արդեն կան) չի կարող ճանապարհ դուրս գալ, քանի դեռ մշակողները 100%-ով (կամ գոնե 99,9%-ով) համոզված չեն, որ այդ մեքենաների «ավտոպիլոտը» պաշտպանված կլինի կիբեռհարձակումներից: Նույնպիսի պաշտպանությունն է անհրաժեշտ «խելացի» էլեկտրական սարքերի համար՝ կենցաղային կամ արդյունաբերական:
Եվս մեկ լաբորատորիա հատուկ նվիրված կլինի ինքնավար մեքենաներին, իսկ մյուս երեքը՝ տիեզերական տեխնոլոգիաներին, միկրոէլեկտրոնիկային և «խելացի» արտադրական հաստոցներին: Համատեղ հետազոտությունների համար համագործակցություն է հաստատվում ամերիկյան համալսարանների հետ։
Լաբորատորիաներն ու գերհամակարգիչը կառուցվում են Համաշխարհային բանկի ծրագրով, ընդ որում՝ նախագծի համար պակասող միջոցները լրացնում է կառավարությունը (միջոցների պակասն առաջացել է նաև նախագծում մի շարք ուշացումների պատճառով)։ Բացի այդ, տեղ են թողել, որտեղ կարող է տեղավորվել ևս երկու տասնյակ ընկերություն։
Ինժեներական քաղաքի կառուցում
© Sputnik / Aram Gareginyan
Ի՞նչ կա արդեն
Քաղաքում արդեն մի քանի տարի է, ինչ գործում է ինտեգրալ սխեմաների մշակման և տպագրման բարձր ճշգրտության հաստոցներով արտադրական հարթակը։ Ինժեներական քաղաքի ռեզիդենտ ընկերությունները (ինչպես նշեցինք, դրանք արդեն 20-ից շատ են) կարող են այդ հաստոցներից օգտվել խորհրդանշական վճարի դիմաց (որը պետք է հաստոցների սպասարկման համար), իսկ դրսի ընկերությունները՝ մի փոքր ավելի բարձր վճարի դիմաց։
Ինտեգրալ սխեմաներ
© Sputnik / Aram Gareginyan
Տեխնոպարկում (նույն ինքը՝ քաղաքում) հայտնվելու համար ընկերությունները հայտ են ներկայացնում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կից հանձնաժողովին, որն էլ գնահատում է նրանց նախագծերը։
Ինտեգրալ սխեմաների հավաքման հաստոց
© Sputnik / Aram Gareginyan
Իսկ առհասարակ ի՞նչ էլեկտրոնիկա կարող է լինել Հայաստանում
Այս հարցը պատահական չէ․ ժամանակակից հայկական էլեկտրոնիկայի մասին քիչ բան է հայտնի։ Հայաստանում իսկապես կան ընկերություններ, որոնք ինչ-որ մասեր և սարքավորումներ են արտադրում և հավաքում։ Դրանք լուսացույցների և ջրագծերի կառավարման համակարգեր են, «խելացի տներ» և որոշ այլ բաներ։ Բայց այս ամենը փոքր, համաշխարհային շուկայի համար բացարձակ անտեսանելի ծավալներով է։
«Ի՞նչ մի նորարարություն, ի՞նչ հետազոտություններ»,– կարող են հարցնել մեզնից շատերը
20 տարի առաջ էլ ճիշտ նույն կերպ ասում էին․ «Հայաստանում ի՞նչ ՏՏ։ Ի՞նչ պրոդուկտ կարող եք ինքնուրույն ստեղծել, ձեզ ո՞վ կնայի։ Լավագույն դեպքում աութսորսով պատվեր անեք»։
Ենգիբարյանը հիշեցնում է՝ վերջին տարիներին Հայաստանում արդեն 1 միլիարդանոց 2 ընկերություն է ստեղծվել, ևս մի քանիսը հարյուրավոր միլիոն դոլար են գնահատվում, իսկ 2000-ականների կեսերին որևէ մեկը նույնիսկ 10 միլիոնի մասին չէր երազում։
Ինժեներական քաղաքում կառուցվող լաբորատոր մասնաշենքերը
© Sputnik / Aram Gareginyan
Առանց պատրանքների, բայց․․․
Այո՛, ՏՏ-ում հաջողվեց արդյունքների հասնել, բայց ոլորտը նաև համեմատաբար քիչ նախնական ներդրումներ է պահանջում։ Դեռ պետք է հասկանալ, թե նախագծերն ինչպիսի ինքնարժեք կունենան, ինչպես ճանապարհ կհարթեն իրենց համար, ինչպես կմրցեն Չինաստանի և մյուս հսկաների հետ։ Բայց մի բան պարզ է` նախագծերը կհայտնվեն, եթե նրանց համար պայմաններ ստեղծվեն։ «Կարելի է հիշել նաև 10 տարի առաջվա պատմությունը ՏՏ-ստարտափների համար հարկային արտոնությունների մասին», – ասաց Ենգիբարյանը։
«Այն ժամանակ էլ էին մեզ ասում ` ո՞ւմ համար է այդ օրենքը, ո՞ւր են ձեր ստարտափները, 30 հատ էլ չեք գտնի։ Այնինչ 2015 թվականից ի վեր Հայաստանում արդեն մոտ 2 հազար նոր ՏՏ–ընկերություն է հայտնվել, ընդ որում՝ այդ նախագծերի բավականին խոշոր մասը չի փակվել և զարգացել է։ Հիմնականում գործող ընկերությունների աշխատակիցները սեփական նախագծերն են սկսել, երբ այդպիսի հնարավորություն են տեսել։ Ինչո՞ւ ինժեներներին ևս չտանք այդ հնարավորությունը»,- նշեց Ենգիբարյանը։
Բա որտե՞ղ են այդ ինժեներները
Նորից հայացք գցենք ՏՏ-ին։ 2000-ականների սկզբին արտերկրի հայերը (մասամբ՝ սփյուռքը, մասամբ՝ 90-ականներին գնացածները) սկսեցին արտասահմանյան ՏՏ ոլորտի ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա (թե՛ էժան աշխատուժի պատճառով, թե՛ հայրենասիրական մղումներով)։
Նմանատիպ օրինակ եղավ նաև էլեկտրոնային ճարտարագիտության ոլորտում` ամերիկյան խոշոր «National Instruments» ընկերության մենեջերներից մեկը՝ Արամ Սալաթյանն իր ղեկավարներին համոզեց մասնաճյուղ բացել ՀՀ-ում։ Ընկերությունն այդ որոշման համար չզղջաց (քանի որ արդեն մոտ 20 տարի աշխատում է Հայաստանում)։ Ավելին` այստեղ փորձ հավաքելով` ընկերության մասնագետները իրենց նախագծերն են սկսում (օրինակ՝ սա)։ Մի քանի այլ ճարտարագիտական ընկերությունների մասնաճյուղեր նույնպես կան (Synopsys, Nvidia, Xilinx, Cisco)։
Ի՞նչ է անում հայկական հայթեքը հենց Հայաստանում
Թեև կամաց-կամաց, բայց տեղացի ինժեներներին սկսում են դիմել նաև տեղական ընկերությունները։ Հանքերից մեկն իր բուլդոզերների և այլ տեխնիկայի համար սենսորներ է պատվիրել, որոնք գնահատում են մեքենայի վիճակը և անսարքությունների ռիսկերը: Մեկ այլ ընկերություն, որի մասին արդեն խոսել ենք, ընդլայնել է էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների արտադրությունը՝ դրանց համար ստեղծելով նաև սպասարկման ծրագրակազմ և վճարային հավելված Նման օրինակները, ցավոք, դեռ քիչ են։
«Գուցե արժե մտածել այն մասին, որ հարկային նոր արտոնություններով այս մակարդակի նոր ընկերություններ ներգրավվեն այստեղ»,-նշեց Ենգիբարյանը:
Ինչպես ՏՏ-ում, այնպես էլ ճարտարագիտության մեջ հայկական ընկերությունների համար դժվար է խոշոր նախագծեր ստեղծել զանգվածային շուկայի համար (բացառություն է խաղային ոլորտը, որը սկսել է զարգանալ ռուսական ընկերությունների տեղափոխվելուց հետո)։ Հայկական ՏՏ-ընկերություններն ավելի ուժեղ էին (և են) ոչ թե «մասս-մարկետում», այլ պատվերով «հատիկով» պրոդուկտներում։ Ենգիբարյանը կարծում է, որ նույնպիսի պատվերներ կարող են փորձել վերցնել ինժեներները։
«Օրինակ` կարող ես ինքդ չիպեր չարտադրել, բայց լուծում կազմել, որը կկրճատի դրանց ավտոմատացված փորձարկման ժամանակը մինչև, պայմանական օրինակ, վայրկյանի հազարերորդական մասը։ Ինչպես հասկանում եք, արտադրողի համար դա տասնյակմիլիոնավոր, եթե ոչ միլիարդավոր դոլարների եկամուտ է»,- ավելացրեց Ենգիբարյանը։
Սովորել, սովորել, սովորել
«Ձեռնարկությունների ինկուբատորը» ինժեներական ընկերություններին օգնում է հաճախորդներ փնտրել միջազգային ցուցահանդեսներում և գործնական հանդիպումներում: Նոր ընկերությունները խորհրդատվություն են ստանում բիզնեսի զարգացման վերաբերյալ:
Եվ վերջում հակիրճ հիշեցնենք ուսանողների համար նախատեսված ծրագրերի մասին: Ինժեներական քաղաքում արդեն մի քանի տարի է, ինչ գործում է Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի ամբիոնը։ Արտադրության վայրում ուսանողները ինչպես ուսումնական, այնպես էլ աշխատանքային նախագծեր են իրականացնում (քանի որ շատ ընկերություններ պրակտիկանտներ են հավաքագրում նրանց շարքերից):
Կարևոր է նաև այն, որ ուսումնական ծրագիրը ևս ընդլայնվում է․ այստեղ սկսում են դասավանդել թե՛ տիեզերական տեխնոլոգիաներ, թե՛ արդյունաբերական արհեստական բանականություն, թե՛ նյութագիտության խորացված դասընթացներ։