Իրազեկման ակցիաներ Երևանում. քաղաքացիները փակել են Ազատության պողոտան, Դավթաշենի ճանապարհը

Վաղ առավոտյան էլ քաղաքացիները բեռնատարով փակել են Ազատության պողոտան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Երևանի Դավթաշեն թաղամասում այսօր ինքնաբուխ իրազեկման ակցիա է իրականացվել. քաղաքացիները 15 րոպեով փակեն ճանապարհը։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը։
Ինքնաբուխ իրազեկման ակցիա Դավթաշենում
«Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների հարց չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է»,–հրապարակված լուսանկարներին կից ասվում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ առավոտյան էլ քաղաքացիները բեռնատարով փակել են Ազատության պողոտան։ Այդ մասին վկայող կադրեր է հրապարակել 24news–ը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։