ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է համարում այն փաստը, որ ՀՀ–ն կարող է գազ գնել Ադրբեջանից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ավելի վաղ` ապրիլի 24-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել, որ Հայաստանը կարող է ադրեջնական գազ գնել։
«Շատ լավ, դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից։ Կարծում եմ` մենք պետք է քննարկենք այդ հարցը։ Նենց չի, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ։ Վստահ եմ` այն պայմանագրով, որ Ռուսաստանից գալիս, մտնում է իրենց մոտ ու գնում Եվրոպա, մեծ հաշվով` նույն գազն է գալիս ու մտնում մեզ մոտ։ Շա՜տ լավ տարբերակ է ոչ միայն Ադրբեջանից, այլև Պարսկաստանից գազամուղ անցկացնելը և գազ գնելը»,– նշեց Սիմոնյանը։
Հավելենք, որ Հայաստանը չունի սեփական գազ ու նավթամթերք, էներգետիկայի բնագավառում սեփական արտադրանքը էլեկտրաէներգիան է։ Հայաստանն էներգետիկ մեծ կախվածություն ունի Ռուսաստանից։