ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի գյուղերի դպրոցներում դասադուլ է։ Տեղեկությունը հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։
«Սահմանապահ Բաղանիսի ու Կիրանցի դպրոցներում դասադուլ է` հանուն հայրենիքի։ Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտությնա և արդարության»,– նշվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Ապրիլի 23-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում մի լուսանկար հրապարակեց` նշելով, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։