ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկը. ԱՄՆ պետդեպ
Այս մասին Х-ի միկրոբլոգում գրել է պետդեպի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։
«Ողջունում ենք լուրը, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք։ Սա կարևոր քայլ է դեպի կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր»,-գրել է նա:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Ապրիլի 23-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում մի լուսանկար հրապարակեց` նշելով, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։