Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր, նա կալանավորվել է. ՆԳՆ

Ակցիա Նոյեմբերյան–Բագրատաշեն ճանապարհին
Արման Ս.-ն տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ՁՊՎ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին տեղի ունեցած ակցիայի ժամանակ բերման ենթարկվածներից մեկը եղել է հետախուզման մեջ։ Նա կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի՝ դեպի Բագրատաշենի անցակետ տանող հատվածը։ Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ փորձեցին բացել ճանապարհը և սկսեցին բերման ենթարկել մարդկանց։
«ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համագործակցության արդյունքում ապրիլի 25-ին` ժամը 16.20-ին, Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել հետախուզման մեջ գտնվող, 1975 թ. ծնված Արման Ս.-ն, որը ակցիա էր իրականացնում և փակել էր նշված ճանապարհահատվածը»,– ասված է ՆԳՆ–ի հաղորդագրությունում։
Նշվում է, որ նա փետրվարի 19-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) մեղադրանքով:
Արման Ս.-ն տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ՁՊՎ:
Արման Ս.-ն
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։