ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացն այսօր Հայաստանին տանում է ոչ թե խաղաղության , այլ հետագա բարդությունների ճանապարհով։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Խաղաղությունն ամրապնդվում է փաստաթղթով, այնուհետև՝ գործողություններով։ Չգիտես ինչու, մեզ մոտ հակառակ ծայրից են գալիս։ Մենք այժմ չգիտենք, թե ինչ սկզբունքով է սահմանազատում կատարվում և արդյոք դա սահմանազատում է, թե ուղղակի ճնշման տակ ինչ–որ բան տալ»,–ասաց Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ այժմ միակ լուծումն այս իշխանություններին հեռացնելն է։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Ապրիլի 23-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում մի լուսանկար հրապարակեց` նշելով, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։