Մոսկվայի Բասմանի դատարանը երկու ամսով՝ մինչև հունիսի 23-ը կալանավորել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովին, որը երեկ ձերբակալվել էր կաշառք վերցնելու կասկածանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործության համար (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը):
Իվանովին կարող է սպառնալ մինչև 15 տարվա ազատազրկում։ Նա դատարան է ներկայացել զինվորական համազգեստով, դատարանի որոշումից անմիջապես հետո նրան քաղաքացիական հագուստով տեղափոխել են քննչական մեկուսարան։ Իվանովը չի ընդունել իր մեղքը։
Նույն գործի շրջանակներում երկու ամսով կալանավորվել է նաև Իվանովի մտերիմ ընկերը` Սերգեյ Բորոդինը։
Նրանց մեղադրում են երրորդ անձանց հետ հանցավոր համաձայնությամբ՝ Պաշտպանության նախարարության կարիքների համար պայմանագրային և ենթակապալառու աշխատանքներ իրականացնելիս գույքային բնույթի ծառայություններ մատուցելու ձևով կաշառք ստանալու համար։
Բորոդինը վերահսկում էր պաշտպանության նախարարության օբյեկտների շինարարությունը և հիմնանորոգումը:
Փոխնախարարի հետ կալանավորվել են նաև մի քանի անձինք, որոնք ըստ մեղադրանքի՝ միջնորդ են եղել կաշառքը փոխանցելու բարդ շղթայում, «Իզվեստիային» հայտնել է աղբյուրը։ Թերթի մեկ այլ աղբյուրի համաձայն՝ երեկոյան, երբ Իվանովը բերման է ենթարկվել, խուզարկություններ են սկսվել նրա ընտանիքին պատկանող տներում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախապես տեղեկացված է եղել Իվանովի ձերբակալության մասին։ Տեղյակ է եղել նաև պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։