Փորձելու ենք մեր մանդատի շրջանակում լուծում գտնել. ՄԻՊ–ը` Դավիթ Տոնոյանի մասին

Դավիթ Տոնոյան
Անահիտ Մանասյանը ՀՀ պաշտպանության նախկին նախարարի հետ զրույցի մանրամասները չներկայացրեց` նշելով, որ այն խորհրդապահական նշանակություն ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը չի կարող միջամտել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դատավարությանը, բայց մանդատի շրջանակում ամեն ինչ անելու է նրա բարձրացրած խնդիրները լուծելու համար։ ՄԻՊ Անահիտ Մանասյանն այս մասին ասաց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` պատասխանելով լրագրողների հարցերին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանասյանն այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին տեսակցելու նպատակով:
«Զրույցը չեմ ներկայացնի, քանի որ խորհրդապահական նշանակություն ունի, ու ես չեմ կարող խախտել էթիկայի կանոնները։ Միայն կարող եմ ասել, որ Տոնոյանի բարձրացրած խնդիրները վերաբերել են թե՛ քրեական վարույթին առնչվող հանգամանքներին, թե՛ ազատությունից զրկելու իրավաչափությանը»,– նշեց նա։
Մանասյանը պատրաստվում է ստացված տեղեկություններն ամբողջականացնել ու ոչ միայն հետազոտություն անցկացնել, այլև ՄԻՊ գործիքակազմով իրենց մանդատի շրջանակում խնդիրները պատշաճ հասցեավորել և փորձել դրանց լուծումներ գտնել։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Նույն օրը ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Ստեփան Գալստյանը 2023 թվականի դեկտեմբերին ազատ արձակվեց 25 մլն դրամ գրավի դիմաց։