ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջը` Աննա Հակոբյանին, քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, մարդասպան», «Նիկոլ, ցեղասպան», «Նիկոլ, թուրք» վանկարկումներով։
Աննա Հակոբյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
© Sputnik / Asatur Yesayants
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հուշահամալիր էր այցելել վաղ առավոտյան` ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ միասին։ Վարչապետի կինը հուշահամալիր էր եկել դստեր` Արփիի հետ։
Նա տևական ժամանակ չէր կարողանում մոտենալ անմար կրակին` ծաղիկներ խոնարհելու համար։
Աննա Հակոբյանը դստեր` Արփիի հետ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
© Sputnik / Asatur Yesayants
Թիկնապահներից մեկն ընթացքում ինչ–որ բան շշնջաց Հակոբյանի ականջին` ենթադրաբար առաջարկելով հեռանալ, սակայն նա հրաժարվեց։
Աննա Հակոբյանն ու դուստրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
© Sputnik / Asatur Yesayants
Որոշ ժամանակ սպասելուց հետո թիկնապահների ուղեկցությամբ նա, այնուամենայնիվ, կարողացավ մոտենալ անմար կրակին ու ծաղիկները խոնարհել։
Դրանից հետո Հակոբյանն արագ հեռացավ` առանց լրագրողների հարցերին պատասխանելու։
Աննա Հակոբյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
© Sputnik / Asatur Yesayants
Հիշեցնենք` այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։