ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Արիությանը չպետք է վախկոտություն խառնել։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տերունական աղոթքից հետո ՀՀ իշխանությանն այս պատգամը հղեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը` մեջբերելով սուրբ Վարդանի խոսքերը։
«Մեր պատգամն ենք բերում մեր իշխանություններին. ինչպես սուրբ Վարդանն էր ասում, արիությանը վախկոտություն մի՛ խառնեք. այն կորուստաբեր է ու մահ է սփռում, իսկ արիությունը ոգու զորություն է արդարությունը ու ճշմարտությունը պաշտպանելու համար»,– ասաց նա։
Կաթողիկոսը նաև կոչ արեց լինել համերաշխ ու միաբան այսօրվա սպառնալիքների առկայության պայմաններում, որպեսզի անկորուստ պահենք մեր հայրենի երկիրը, իսկ ազգային մեր կյանքը` անխռով։
Ապա դիմելով լրագրողներին` նա ասաց, որ այս օրերին հարցազրույց չեն տալիս, ու խնդրեց չխաթարել օրվա խորհրդի ապրումը։
Հիշեցնենք` այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։