1882 թվականին Վան, Բիթլիս, Էրզրում, Խարբերդ, Դիարբեքիր, Սեբաստիա նահանգներում, Կիլիկիայի Ադանա և Մարաշ գավառներում, ինչպես նաև Օսմանյան կայսրության այլ տարածքներում 2 միլիոն 660 հազար հայ է ապրել։
Համիդյան ջարդերի (1894-1896 թթ.) պատճառով և դրանց հաջորդած ժամանակաշրջանում հայերի թիվը կտրուկ նվազել է։ 1912 թվականին նշված տարածքներում ապրել է 2 միլիոն 26 հազար 700 հայ։ 1915-ից հետո մնացել են 281 հազարը։
Միայն համիդյան ջարդերի ժամանակ շուրջ 97 հազար հայ է սպանվել, մյուսները զոհվել են երիտթուրքերի՝ հայերի բնաջնջման ծրագրի ակտիվ փուլի ժամանակ։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ 20-րդ դարի 50-ական թվականներին մեկուկես միլիոն հայ է ապրել Ստամբուլում։ Այսօր գրեթե 20 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում ընդամենը 40 հազար հայ է մնացել։
Բացի Ստամբուլից, 100-150 հայ կա Մուսա լեռան մոտ գտնվող գյուղերից մեկում։
Հայերից շատերը կորցրել են իրենց արմատները, թրքացել ու կորցրել են ազգային ինքնությունը։
Sputnik Արմենիան ներկայացնում է Արևմտյան Հայաստանում ապրող և Ցեղասպանության ժամանակ սպանված հայերի թիվն ըստ նահանգների։
Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրները
© Sputnik / Zara Mika
Հիշեցնենք` Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։