Սա ուղիղ հրահանգավորված է իշխանությունների կողմից. Դանիելյանը` Նոյեմբերյանի միջադեպի մասին

Գազռնիկ Դանիելյան
Պատգամավորի որակմամբ` ՀՀ–ում դեռ երբեք նման խայտառակ, ապօրինի իրավիճակ չի եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ինչպես Բագրատաշենում, այնպես էլ Նոյեմբերյանում մարդկանց մեջ մխրճվել է ԵԿՄ–ի միևնույն մակնիշի ավտոմեքենան։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը եղել է միջադեպի էպիկենտրոնում ու մարմնական վնասվածքներ ստացել։
Քննչական կոմիտեն ապրիլի 22-ին հայտնել էր, որ Այրում բնակավայրի բնակիչը Տավուշի մարզում պահանջել է բացել միջպետական ավտոճանապարհը, որից հետո իր «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ է ընթացել, սակայն քաղաքացիները չեն թույլատրել: Այնուհետև նա վիճաբանության մեջ է մտել Գառնիկ Դանիելյանի հետ, հարվածել նրան ու մարմնական վնասվածք պատճառել։ ԵԿՄ–ի տարբերանշանով մի ավտոմեքենա այսօր փորձեց անցնել Նոյեմբերյանում ակցիա իրականացնող բազմության միջով` վնասելով քաղաքացիներից մեկին։
«Բագրատաշենի միջադեպը տեղի է ունեցել ԵԿՄ ուղիղ համակարգված գործունեության արդյունքում։ Ուղղորդված մեքենան քշել է մեզ վրա։ Անձամբ ես եմ եղել այնտեղ ու ստացել մարմնական վնասվածքներ։ Այդ ընթացքում ոստիկանները լուռ հետևում էին։ Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ ՀՀ–ում դեռ երբեք տեղի չի ունեցել։ Նույն այդ մակնիշի մեքենայի վարորդն այսօր վրաերթ է կատարել Նոյեմբերյան քաղաքում»,– նշեց նա։
Ըստ պատգամավորի` անպատիժ մնալով` նույն մեքենայի վարորդն այսօր 2–րդ անգամ գնաց այդ սադրանքին։
«Քշեց ու ասաց` մենք ում վրա ուզենք, նրա վրա էլ կքշենք, քանի որ մենք այս երկրի թագավորն ենք, այս երկրի տերն ենք։ Սա իշխանությունների կողմից ուղիղ հրահանգավորված բան է»,– վստահեցրեց Դանիելյանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։