Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը

Հայաստանի հավաքականի նախկին ավագը «Ինտերի» հետ դարձավ Իտալիայի չեմպիոն ու նվաճեց իր առաջին տիտղոսը Եվրոպայի թոփ-5 լիգաներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, այժմ «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարիերայում առաջին անգամ իր թիմի հետ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը: Միլանի «Ինտերը», դերբիում 2-1 հաղթանակ տանելով «Միլանի» նկատմամբ, առաջնության ավարտից մի քանի տուր առաջ 20-րդ անգամ հռչակվեց Իտալիայի չեմպիոն։
Մխիթարյանը միլանյան ակումբի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը և առաջին հայ ֆուտբոլիստն է, որը դարձավ Իտալիայի չեմպիոն:
Հենրիխ Մխիթարյանը «Միլան»–«Ինտեր» խաղում
«Ինտեր»-ի կազմում գոլերի հեղինակ դարձան Աչերբին և Թյուրամը։ «Միլանի» կազմում՝ Տոմորին։
Ա Սերիայի առաջնության 33 տուրից հետո «Ինտերը» վաստակել է 86 միավոր և առաջին տեղում է։ «Միլանը» վաստակել է 69 միավոր և երկրորդ տեղում է։
«Ինտերը» միակ թիմն է Իտալիայում, որն իր հիմնադրման օրվանից չի լքել Իտալիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնը։ Ակումբը նվաճել է 37 տիտղոս Իտալիայում՝ 20 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 9 անգամ՝ գավաթակիր և 8 անգամ՝ սուպերգավաթակիր: Ակումբը նաև երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։