ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ջահերով երթը միայն հիշատակի և սգո երթ չէ, այլև պայքարի, պահանջատիրության և արժանապատվության երթ։ Քիչ առաջ Հանրապետության հրապարակից մեկնարկեց ավանդական դարձած ջահերով երթը, որն այս տարի «Զա՛րկ, երբ հալածում են քեզ» խորագրով է։
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը երթը կազմակերպում է ամեն տարի 1999 թվականից ի վեր։
«Մենակ չթողնեք տավուշցուն, Տավուշը մեր թիկունքն է, մեր ամուր դարպասն է»,- ջահերով երթի մեկնարկից առաջ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը, ով հենց Տավուշի մարզից էր եկել՝ նաև տավուշցիների կոչը մարդկանց փոխանցելու համար։ Նրա խոսքով՝ այս ամենը հետևանքն է նաև նրա, որ Արցախն ընկավ, և մենք բավարար աջակցություն ցույց չտվեցինք արցախցիներին, բայց այսօր եթե ընկնի Տավուշը, դա հայ ժողովրդի վերջն է լինելու։
Նշենք, որ այս տարի ջահերով երթին մասնակցում են նախկին և ներկա քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ Տիրան Խաչատրյանը, պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը և այլք։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ այսօր երկրում կատարվող իրադարձություններին։ Մասնավորաբար, նրա խոսքով՝ Տավուշում կան մարդիկ, որ կարող են առաջնորդել շարժումը․ չի բացառում, որ հոգևորականները ևս կարող են առաջնորդել։ Ինչ վերաբերում է սահմանազատումը Տավուշից սկսելու իշխանության որոշմանը, ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ դա կոպիտ սխալ է։
Երթի մեկնարկից առաջ ավանդաբար դաշնակցական երիտասարդները վառեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները։
Երթը կընթանա սովորական երթուղով՝ Ամիրյան փողոցով և Մաշտոցի պողոտայով դեպի Օպերա, իսկ այնտեղից Բաղրամյան պողոտայով և Կիևյան փողոցով՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: