ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է «Երկրապահը» փորձել կանխել մարդկանց ինքնարտահայտվելը։ Կիրանց-Ոսկեպար ճանապարհին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպին՝ նա կասկած հայտնեց, որ այդ գործելակերպը կարող է ուղղորդված լինել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոյեմբերյանում մի քանի տասնյակ մարդիկ բողոքի ակցիա են անում` դեմ արտահայտվելով հայ–ադրբեջանական սահմանազատման գործընթացին։ ԵԿՄ–ի տարբերանշանով մի ավտոմեքենա փորձեց անցնել բազմության միջով` վնասելով ակցիայի մասնակիցներից մեկին։
«Տրամաբանությամբ և ենթադրությամբ ուղղորդվող են։ «Երկրապահն» ի՞նչ գործ ունի, որ մարդկանց ընդվզումը, ինքնարտահայտվելը փորձի կանխել։ Էս երկիրը ոստիկանություն չունի՞, կարգուկանոն, օրենք չունի՞»,- ասաց սրբազանը։
Նա շեշտեց՝ եթե այսուհետև որևէ ուժ կամ կառույց փորձի միջամտել, ուրեմն նրանք հանցագործ են և պատասխանատու են այս ամենի համար։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։