ԵԿՄ–ի անդամներից մեկը միության շարքերը լքելու դիմում է գրել

Արայիկ Ղարիբյան
Արայիկ Ղարիբյանն ընդգծել է, որ չի պատրաստվում շարունակել մնալ այն կառույցում, որտեղ տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառվում ժողովրդի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Երկրապահ կամավորական միության անդամ Արայիկ Դավիթբեկի Ղարիբյանը լքել է կառույցի շարքերը։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։
«Ես` Արայիկ Դավիթբեկի Ղարիբյանս, ինձ չեմ տեսնում այն Երկրապահ կամավորական միության շարքերում, որը տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա: Դիմում եմ Շենգավիթի շրջանի Երկրապահ կամավորական միության նախագահին ինձ ազատել երկրապահ կամավորական միության շարքերից»,– գրել է Ղարիբյանը:
Նշենք, որ Ղարիբյանը «Արթմեդ» ԲՎԿ–ի փոխտնօրենն է, ԼՕՌ հիվանդությունների ծառայության ղեկավարը, բժշկական գիտությունների թեկնածու։
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն ապրիլի 22-ին հայտնեց, որ Այրում բնակավայրի բնակիչը Տավուշի մարզում պահանջել է բացել միջպետական ավտոճանապարհը, որից հետո իր «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ է ընթացել, սակայն քաղաքացիները չեն թույլատրել: Այնուհետև նա վիճաբանության մեջ է մտել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ, հարվածել նրան ու մարմնական վնասվածք պատճառել։ Նշենք, որ մեքենան ԵԿՄ–ի տարբերանշանով էր։ Նույն տարբերանշանով ավտոմեքենան այսօր փորձեց անցնել Նոյեմբերյանում ակցիա իրականացնող բազմության միջով` վնասելով քաղաքացիներից մեկին։