Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ ՀՀ փոխվարչապետի գրասենյակ

Տավուշցիները Ոսկեպարի եկեղեցու ֆոնին
Խոսակցություններ են պտտվում, որ սահմանազատում իրականացնելու արդյունքում Ոսկեպարի եկեղեցին ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին սահմանազատումից հետո մնալու է Հայաստանի տարածքում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց փոխվարչապետի աշխատակազմի մամուլի քարտուղար Անի Բաբայանը։
Փոխվարչապետի գրասենյակը հերքում է շրջանառվող խոսակցությունները, թե 6-7-րդ դարերի Սուրբ Աստվածածին եկեղեցին հանձնվելու է Ադրբեջանին։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները կյանքի կոչելուց հետո Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում»,– ասաց նա։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիա են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։