ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. «Հիշողության այգի» միջազգային ակցիան արդեն բարի ավանդույթ է դարձել, այդ թվում` Հայաստանում, ինչը, հաշվի առնելով Խորհրդային Հայաստանի նշանակալի ներդրումը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հասնելու գործում, միանգամայն տրամաբանական է: Այս հայտարարությունն արեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` ելույթ ունենալով միջոցառման ժամանակ։
«Մեծ հաղթանակը մեծապես որոշում է մեր և ամբողջ աշխարհի կյանքը։ Դա հարգանքի բարոյական տուրքն է այդ հաղթանակը նվաճած մեր պապերի ու նախապապերի հիշատակին։ Կարևոր է պահպանել ճշմարտությունը մեր ընդհանուր պատմության մասին, որի մասին հիմա փորձում լռել կամ խեղաթյուրել այն»,- ասաց նա։
Կոպիրկինի խոսքով` մոռացության մատնելով անցյալն ու անցյալի դասերը` մարդիկ իրենց դատապարտում են անցյալի ողբերգությունների կրկնության։
«Այսօր մենք դա հատկապես սուր ենք զգում»,- ընդգծեց նա։
Դեսպանը նշեց նաև, որ ակցիան իր նպաստն է բերում քաղաքի բարեկարգմանը և հարգանքի տուրք է նախնիների հիշատակին:
«Հիշողության այգի» միջազգային ակցիան առաջին անգամ անցկացվել է 2020 թվականին։
Ակցիայի նպատակն է հավերժացնել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զոհվածներից յուրաքանչյուրի հիշատակը։ Ամեն տարի տնկվում է ավելի քան 27 միլիոն ծառ` ի հիշատակ 27 միլիոն զոհերի: Ակցիան անցկացվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ:
Ակցիան կազմակերպել են «Հիշողության պարտեզ» ՀԿ-ն, «Հաղթանակի կամավորներ» համառուսաստանյան հանրային շարժումը և Հաղթանակի հրամանատարների հիշատակի հիմնադրամը` ՌԴ կրթության նախարարության, ՌԴ բնական ռեսուրսների և բնապահպանության նախարարության, անտառային տնտեսության դաշնային գործակալության աջակցությամբ, «Էկոլոգիա» ազգային նախագծի շրջանակում: