ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ո՛չ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ կառավարությունը, ո՛չ որևէ մի այլ պաշտոնյա իր վրա այդպիսի պատասխանատվություն չի վերցնի և հակաօրինական քայլ չի անի և Հայաստանի Հանրապետությունից մեկ միլիմետր զիջելու որոշում չի կայացնի: Իր ծննդյան 65-րդ տարեդարձի առիթով հանդիպելով Փաշինյանի հետ` հայտարարել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Մենք գիտենք այդ սահմանը, այդ կարմիր գիծը: Մենք, նաև Ձեր գլխավորությամբ, ամեն ինչ անում ենք, որպեսզի իսկապես մեր հարևանների, Ադրբեջանի Հանրապետության հետ երկարաժամկետ խաղաղություն հաստատենք: Մեկ անգամ էլ շնորհակալություն եմ հայտնում»,– ասել է Խաչատուրյանը:
Նա գովաբանել է ՀՀ վարչապետի և կառավարության աշխատանքը և ասել, որ այդ աշխատանքը գնահատվում է ՀՀ մեր հայրենակիցների, արժանապատիվ քաղաքացիների, այն մարդկանց կողմից, ովքեր ուզում են ապրել ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանում:
«Ես իրավունք ունեմ այսօր, հենց այս ծննդյան օրը մի փոքր շատ շեշտադրումներ անել այդ ուղղությամբ, որովհետև, ի վերջո, այն ինչ մենք սկսել էինք 1988 թվականին, միտումը դա էր: Ճիշտ է, միգուցե մենք չէինք գիտակցում այն ժամանակ, որ ազատ, անկախ Հայաստան ունենալու ճանապարհն այսպես երկար է լինելու, բայց մենք այսօր ունենք հնարավորություն»,– ասել է ՀՀ նախագահը:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասել է, որ բարձր է գնահատում Խաչատուրյանի գործունեությունը նախագահի պաշտոնում և շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ նա այս ընթացքում ցուցաբերել է կառավարությանը: